Ուղղական խոսքի փոխակերպում

Մեջբերվող ուղղակի խոսք

1. Լինում է 2 տեսակի՝

• մտքում ասած, վաղուց ասած, գրավոր ասած խոսք, որ մեջբերվում է ուղղակի

• բարձրաձայն ասած խոսք, զրույց՝ խոսող-խոսակից։

2. Մեջբերվող ուղղակի խոսքը անջատվում է հեղինակի խոսքից

• մտքում ասած, վաղուց ասած, գրավոր ասած խոսքը՝ չակերտներով։ Վերջակետը դրվում է չակերտից հետո։

• բարձրաձայն ասած խոսքի, զրույց՝ խոսող-խոսակից տարբերակի դեպքում՝ գրվում է նոր տողից, գծիկով։

3.  Մեջբերվող ուղղակի խոսքով նախադասությունները բարդ նախադասություննե են։ Ունեն երկու հատված՝ հեղինակի խոսք և մեջբերվող ուղղակի խոսք։ Սա բարդ ստորադասական նախադասություն է, մեջբերվող խոսքը երկրորդականն է։ Սովորաբար այդ երկրորդականի պաշտոնը լինում է ուղիղ խնդիր, լրացնում է գլխավորի ասացական բային՝ ստորոգյալին։

Օր.՝  Արամը մտածեց. «Ես ինքս եմ իմ գլխի տերը, ոչ ոք ինձ հրամայելու իրավունք չունի»։ (ի՞նչ մտածեց՝ ես ինքս եմ… -ուղիղ խնդիր։

Մեջբերվող ուղղակի խոսքի նկատմամբ հեղինակի խոսքը լինում է նախադաս (առաջ հեղինակինը, հետո՝ մեջբերվող խոսքը), միջադաս (հեղինակի խոսքն ընկնում է մեջբերվող խոսքի մեջտեղը), վերջադաս (հեղինակի խոսքը մեջբերվող խոսքից հետո է)։

Օրինակներ՝

• Նա ասաց.
-Հա՛յր, ես տանը կմնամ, մինչև դու աշխատանքից գաս։ (նախադաս)

• Ես չեմ առարկում,- ասաց Սուրենը,— այդ մասին հայտնիր եղբորդ։ (միջադաս)

• -Ես չէի ուզում քեզ վշտացնել, բայց քո վարմունքը ինձ ստիպեց այդ անել,- ասաց բժիշկը։ (հետադաս)։

Ըստ այդ տեղի՝ նախադասությունները կետադրվում են.

• Նախադաս դիրքում հեղինակի խոսքից հետո դրվում է միջակետ։
Օրինակ՝ 

1. Վարդանը հիշեց ընկերոջ խոսքը. «Դու, բոլորին վստահելով, քեզ հարվածի տակ ես դնում»։

2. Եկավ դևն ու հարցրեց.
— Արքա՛, ո՞ւր է իմ ոսկին։

• Միջադաս դիրքում հեղինակի խոսքը երկու կողմից անջատվում է ստորակետ գծով (,-)։

Օրինակ՝

1. «Դու բոլորին վստահելով,-հիշեց Վարդանը ընկերոջ խոսքը,- քեզ հարվածի տակ ես դնում»։

2. — Արքա,- եկավ դևն ու հարցրեց,- ո՞ւր է իմ ոսկին։

• Վերջադաս դիրքում հեղինակի խոսքից առաջ դրվում է ստորակետ գիծ (,-)։

Օրինակ՝

1. «Դու, բոլորին վստահելով, քեզ հարվածի տակ ես դնում» ,- հիշեց Վարդանը ընկերոջ խոսքերը։

2. -Արքա՛, ո՞ւր է իմ ոսկին ,-եկավ դևն ու հարցրեց։

ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

1. Կետադրիր տրված նախադասությունները (բոլորը մեջբերվող խոսքով են)

• Տեսնելով հյուրերին՝ տանտերն ընդառաջ է գալիս ու ասում.
-Մենք վաղուց էինք ձեզ սպասում, ներս եկեք, բոլորիս էլ շատտ ուրախացրիք դուք ձեր գալով։

• – Մեծ եղավ իմ ուրախությունը, երբ մեր ընդհանուր ծանոթներից իմացա, որ քույրդ սովորում է մեր դպրոցում,-ասաց ընկերս, երբ հանդիպեցինք։

• -Տեսնում եմ,- անթաքույց դժգոհությամբ ասաց մեզ սպասավորը,- խոսքներդ մեկ եք արել ու ինձ հալածում եք։

• -Մեն-մենակ եմ եկել, հա՛յր,- խոնարհվելով շշնջաց որդին,- մի՛ մտածիր անցյալի մասին։

• -Եթե հարցնում եք իմ ու ուսուցչիս հարաբերությունների մասին,- ասում է Արիստոտելն իր աշակերտներին,-պիտի ասեմ, որ Պլատոնն իմ բարեկամն է, բայց ճշմարտությունն ինձ համար ավելի թանկ է։

• Մայրը ձեռքի դերձանը ցած դրեց և գլուխը տարուբերելով՝ ասաց.
-Էհ, չգիտեմ, որդիս, հայրդ ի՞նչ պիտի աներ, եթե այժմ մեր կողքին լիներ։

• Կրտսեր քույրս, հենց որ մենանկ էինք մնում, ասում էր.
-Ընչացքդ արդեն սևացել է. տան տղամարդը դու ես, դու էլ որոշիր, թե ինչ անենք։

• -Ճանաչեցի՞ր ինձ,- հարցրեց Սահակը ծերունուն,- դու իմ հոր զինակիցն ես եղել։

• Տեսնելով տնօրենին՝ քարտուղարը հարցրեց.
-Ինչո՞ւ եք մնում քաղաքում. չէ՞ որ այստեղ մնալով դուք վտանգի եք ենթարկվում։

• Ծերուկը, վեր կենալով տեղից, ասաց ինձ.
-Դու, սիրելի՛ս, լավ խորհիր անելիքդ մինչև վճռական քայլ անելդ։

2. Տրված մեջբերվող խոսքով նախադասություններում հեղինակի խոսքը տեղափոխիր երկու ձևով, ուշադիր եղիր, որ ճիշտ կետադրես։

3.Տրված տեքստում լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։

Մարզպետունի իշխանն այդ օրը զվարթ տեսք ուներ, հագել էր տոնական զգեստ։ Գլխին դրել էր պողպատյա արծաթազարդ սաղավարտ սպիտակ ցցունքով և նախարարական զինանշանով։ Փայլփլում էին պղնձյա լանջապանակը, բազպանները, սրունքներին ամրացված երկաթահյուս զանգապանները և ճտքավոր կոշիկները։ Ծանր սուրը արծաթազօծ պատյանով լրացնում էր նրա զինվորական զարդարանքը։
Երբ ամենքը իրենց տեղերը բռնեցին, իշխանն առաջացավ դեպի հովանոցի սյունաշարը և կանգնելով մարմարյա սանդուղքի վերին աստիճանին խրոխտ ձայնով խոսեց.
-Ազնի´վ իշխաններ և իշխանուհիներ, սիրելի´ զինակիցներ, մեր քաջազն արքան
 Աշոտ Երկաթը, անհաջողությունից քաշվել է կաքավաբերդ և փակվելով անառիկ ամրոցում սպասում է մեր օգնությանը։ Գահը թափուր է։ Ո՞վ պիտի մտածի հայրենիքի փրկության համար։ Երդվում եմ իմ հայրենիքի արևոտ, որ չեմ վերադառնա իմ ընտանիքի գիրկը, մինչև վերջին հագարացին չհալածվի Հայաստանից։

Ուղղակի մեջբերվող խոսքի փոխակերպումը անուղղակիի.

1. Ըստ անհրաժեշտության փոխվում է հեղինակի խոսքի տեղը։ Օր.՝ 
-Ես գնում եմ,- ասաց աղջիկը։
Աղջիկն ասաց, որ ինքը գնում է։

2. Ըստ անհրաժեշտության փոխվում է ենթակայի  ստորոգյալի տեղը։ Օր.՝
-Ես եկա,- ուրախ բացականչեց մանչուկը։
Մանչուկն ուրախ բացականչեց, որ ինքը եկավ։

3. Հեղինակի եւ մեջբերվող խոսքերի միջեւ ավելանում է որ կամ թե շաղկապը։ Եթե հարցում կամ երկմտություն է արտահայտում, թե շաղկապն է ավելանում, մնացած դեպքերում՝ որ շաղկապը։ Օրինակները՝ նախորդ նախադասություններում։ Կետադրում ենք համապատասխանաբար։

4. Կոչականները կամ անցնում են հեղինակի խոսքի մեջ, դառնում հանգման խնդիր, կամ մնում են մեջբերվող խոսքի մեջ, դառնում ենթակա, եթե հնարավոր է։ Օր.՝
-Վարդա՜ն, արի գրատախտակի մոտ,- ասաց ուսուցչուհին։
Ուսուցչյհին ասաց, որ Վարդանը գա գրատախտակի մոտ։ (ենթակա)
Ուսուցիչն ասաց Վարդանին, որ գա գրատախտակի մոտ։ (հանգման խնդիր)

5. Վերաբերականները, ձայնարկությունները որպես կանոն դուրս ենգալիս։

6. Հարցական, բացականչական նախադասությունները դառնում են պատմողական։

7. Անձնական դերանունների, ս,դ հոդերի, ստորոգյալների դեմքը փոխվում է ըստ անհրաժեշտության՝
ա) եթե մեջբերվող խոսքի ենթական պատմողն է, դառնում է առաջին դեմքով։
բ) եթե մեջբերվող խոսքի ենթական խոսակիցն է, դրվում է երկրորդ դեմքով։
գ)Մնացած դեպքերում դրվում է երրորդ դեմքով։

8. Կարող են ըստ անհրաժեշտության լինել նաեւ այլ փոփոխություններ։

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

1. Նախադասությունների ուղղակի խոսքը փոխակերպիր անուղղակիի։

Оставьте комментарий