Հոգին ջերմացնող օրեր Գյումրիում…

Ամսի 23-ին ճանապարհ ընկանք դեպի ջերմացնող Գյումրի: Բոլորս շատ ոգևորված էինք, քանի որ ծրագիրը իրոք շատ հետաքրքիր էր և բոլորս լի էինք սպասումներով: Գյումրի հասնելուն պես ինչ-որ մտերիմ զգացողություն առաջացավ, կարծես հենց այդ պահին ամեն ինչ իր տեղում էր: Քանի որ Գյումրին ինձ համար միշտ եղել է առանձնահատուկ հարազատ վայր, չէի համբերում, թե երբ ենք թափառելու քաղաքով: Սկզբում խոսեմ մեր հյուրատնից, որի մասին բացի դրականից ոչինչ ասել չեմ կարող: Չնայած նրան, որ ես այդքան չեմ ճամփորդել, համոզված եմ, որ այսպիսի հյուրատուն դեռ չէինք հանդիպել: Սենյակները շատ հարմարավետ էին, հատկապես վերնահարկի սենյակը: Հյուրատանը կար ամեն ինչ մեր հարմարավետության համար, ամբողջը արված էր լավ միջավայր ստեղծելու համար: Մարդիկ էլ շատ ջերմ ընդունեցին և նույնքան ջերմ ճանապարհեցին մեզ: Երբ բոլորս բաշխվեցինք սենյակներով, մի փոքր հանգստացանք ճանապարհից, որոշեցինք, որ ժամանակն է վերջապես թափառել Գյումրիով: Մի փոքր խոսեմ նրանից, թե ինչու է Գյումրին ինձ համար այդքան հարազատ: Գլխավոր պատճառներից մեկը այն է, որ ամեն անգամ, երբ գալիս եմ, կա մի բան, որը անբացահայտ է մնացել և միշտ կա նոր մի բան ուսումնասիրելու: Հաջորդ պատճառը դա արվեստի առկայությունն է, ուր գնաս Գյումրիի նման արվեստով լի, մշակույթով պատված քաղաք չկա: Քայլելով այդ փողոցներով, վայելում եմ ամեն պահը, կարծես առաջին անգամը լինի: Արվեստի այդ շունչը բխում է ամեն տեղից: Նաև Գյումրին ինձ գրավում է իր պատկերասրահներով, թանգարաններով, երբեք չեմ հոգնի Գյումրվա թանգարաններից, հատկապես գեղանկարչական կտավներով լի ցուցահանդեսներից: Այսպես անցավ մեր առաջին օրը, շատ մտերիմ ու ջերմ: Առավոտյան բոլորս արթնացել էինք լավ տրամադրությամբ, քանի որ մեզ սպասվում էր ամենաձյունոտ օրը ձմեռվա վերջին օրերին: Քանի որ ուղևորվելու էինք Ամասիա, գիտակցելով այնտեղի ջերմաստիճանը բոլորս հագնվել էինք շատ տաք, խուսափելով ցրտից: Ամասիա ժամանելուն պես, տպավորությունները լրիվ այլ էին, քանզի բավականին տաք էր ու արևոտ: Ամասիա գնացել էինք հատուկ նպատակով՝ մասնակցելու -46C ձմեռային փառատոնին: Մթնոլորտը շատ լավն էր, չեմ կարող բացատրել ինչքան ջերմ էր ամեն բան: Ցավոք դահուկ չկարողացանք քշել, բայց երկար սահեցինք սահնակներով, կային նկարվելու տաղավարներ, նաև երաժշտություն: Երբ արդեն լրիվ վայելել էինք ձյունը, սահնակներով սահելը, քայլեցինք դեպի մեքենա և ուղևորվեցինք հյուրատուն: Երեկոյան էլ քայլեցինք Գյումրիով, վայելեցինք Գյումրիի մշակույթը: Դե իսկ վերջին օրը հավաքվեցինք և միանգամից ընկանք ճանապարհ, ընթացքում ունեցանք նաև կանգառներ: Ուզում եմ նշել ինձ համար առանձնահատուկ ջերմ պահերը: Դրանք են հենց հյուրատանը անցկացրած ժամերը, երբ բոլորս միասին խաղեր էինք խաղում, խոսում էինք տարբեր մեզ հետաքրքրող թեմաներից, կիսվում մեր կարծիքներով: Ինձ համար հենց դա է անգին, հաշվի առնելով, որ սա վերջին տարին է և կարծես թե վերջին հնարավորությունը: Կցանկանայի նշել, որ այս ճամփորդությանը ես բացահայտեցի բազմաթիվ մարդկանց, ում մինչ այս հնարավորություն չէի ունեցել շբվելու և ավելի լավ ճանաչելու: Դե իհարկե բոլոր օրերին ազգային երգ ու պարը եղել է մեր անբաժանելի մասը: Ամփոփելով այս հիասքանչ ճամփորդությունը, կարող եմ ասել, որ այն արդարացրեց իմ բոլոր սպասելիքները և այն հիշողությունները, որոնք ես ձեռք բերեցի կմնան ինձ հետ դեռ շատ երկար: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր մասնակցություն են ունեցել այս ճամփորդության մեջ, իրոք ինձ շատ հարազատ դարձած մարդիկ են:

Оставьте комментарий